Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Գաղափարական ու քաղաքական հարթության մեջ չունեցածը փորձում են փոխհատուցել ֆինանսական միջոցներով»

«Գաղափարական ու քաղաքական հարթության մեջ չունեցածը փորձում են փոխհատուցել  ֆինանսական միջոցներով»
04.04.2014 | 00:37

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեկամսյակում, որ սկսել է ԲՀԿ-ն ոչիշխանական ուժերի նախաձեռնության շրջանակում:
-Ի տարբերություն ԲՀԿ-ի ու իր «շրջանակի»՝ վստահ: Քանիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ խորհրդարանական ոչիշխանական ուժերի նախաձեռնությունը ավելին չի լինելու ու չի դառնալու, քան հենց բուն նախաձեռնությունն է: Մարդիկ իրենք իրենց զբաղեցնելու և հրապարակային ուշադրության արժանանալու տարբերակ են գտել: Գնահատում եմ հնարամտությունը, բայց կարծում եմ, որ ժամկետի մեջ սխալվել են՝ ոչ թե մեկամսյակ պիտի հայտարարեին, այլ եռամյակ:
-Նկատի ունեք՝ մինչև խորհրդարանական ընտրություննե՞րը:
-Ինչո՞ւ ոչ: Նախընտրական հրաշալի հնարք է: Ընդհանրապես այն տպավորությունն է ստեղծվում, որ համապետական վերջին ընտրություններում չօգտագործված փամփուշտների պիտանիության ժամկետը կորցնելու վախից որոշել են ինչ ունեն՝ միանգամից սպառել: ՀՀԿ-ի դեմ պայքարի էներգիան այն ժամանակ չկարողացան ծախսել՝ սեփական թեկնածու չունենալով, հիմա փորձում են այն ժամանակ կորցրածը հետ բերել:
-Իսկ գուցե 2017-2018-ի ֆալստարտի հե՞տ գործ ունենք:
-Քաղաքականության մեջ մեկ օրում էլ կարող են շրջադարձեր լինել, երեք տարին անհաշվելի երկար ժամանակ է՝ նախընտրական պայքար սկսելու համար: Խնդիրը հետահայաց սխալների ուղղումը կամ առաջընթացիկ քայլերը չեն: Շատ ավելի պրոզաիկ հարցեր են լուծվում ինքնապահպանման: Որպես քաղաքական կատեգորիա՝ ընդդիմությունը Հայաստանում տևական ժամանակ չի կատարում իր բուն խնդիրը՝ չի առաջադրում այլընտրանքային ծրագիր: Ընդդիմության ամբողջ գործառնությունը Հայաստանում հանգում է իշխանության և առանձին իշխանավորների դեմ պայքարին: Դա հայեցակարգային սխալ է, որ թույլ չի տալիս ընդդիմությանը հաջողության հասնել Հայաստանում: Ցանկացած ինքն իրեն հարգող ընտրող գոնե մեկ անգամ պիտի ստանա այն հարցի պատասխանը, թե իշխանափոխության դեպքում ի՞նչ է փոխվելու իր երկրում, իր կյանքում, իր զավակների կյանքում: Այս հարցերի պատասխանն է, որ ընդդիմությունը չունի ծրագրերի ու դրանց կենսագործման մեխանիզմների մակարդակով: Իսկ հայտարարությունների, նպատակների ու նպատակադրումների մակարդակը բավականին հեռու է real politik-ից, պարզապես քաղաքականություն է, որ հնարավորություն է տալիս ալիքի վրա մնալ իբրև քաղաքական ուժ՝ մինչև այլ ուժեր կբարձրանան նույն ալիքի վրա:
-«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասում է, թե այլընտրանքային ծրագիրը շուտով կներկայացվի, և քառապատկված ուժերով աշխատում են այդ ծրագրի վրա:
-Ես շատ ուրախ եմ, ավելի ուրախ կլինեմ, եթե իրոք նման ծրագիր ներկայացվի, ու այդ ծրագիրը չլինի հռչակագրային, քաղաքականացված ու քարոզչական: Գուցե տարօրինակ հնչի, բայց հրապարակային քաղաքականությունը և տնտեսական լուրջ ծրագիրը դժվար է համատեղել, որովհետև մարդկանց պետք են արդյունքներ, կենսամակարդակի բարձրացում, գնանկում, աշխատատեղեր: Նրանց առանձնապես չի հետաքրքրում՝ «ինչպես»-ը, որովհետև նրանք ընտրել են, վստահել ու իրավունք ունեն պահանջել: Քաղաքակա՞ն փոփոխություններ է առաջարկելու այլընտրանքային ծրագիրը, տնտեսակա՞ն, սոցիալակա՞ն: Ի՞նչ ռեսուրսներով: Ի՞նչ հիմքերի վրա: Ֆինանսական ի՞նչ ամրագրում է ունենալու: Մեր ժամանակներում ամենահեշտը ծրագիր գրելն է, քաղաքականության մեջ անցկացրած մի քանի տարիները քաղաքական գործչին սովորեցնում են հասկացությունների ու գործիքների այբուբենը, որից հետո արդեն ցանկացած ծրագիր տեխնիկայի հարց է: Իսկ չորս տարբեր ծրագրերի համադրումը կամ համատեղումը քաղաքական տեխնոլոգիայի հարց է: Բոլորովին այլ խնդիր է այդ ծրագրի իրականացման հնարավորությունը: Ռեալ հնարավորությունը: Տիգրան Սարգսյանին ազգի, ժողովրդի, պետության, անձնական թշնամի հռչակելու ծրագիրն արդեն գերակատարված է, մնում է գոնե պատկերացնել` ինչպիսին պիտի լինի ՀՀ վարչապետի գործունեության ծրագիրը: Այս մասին այնքան է խոսվել ու գրվել, որ ես նույնիսկ չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, ասել, թե այդ չորս ուժերից ո՞րն ի՞նչ ռեսուրս ունի ու ի՞նչ նպատակ իրականում, կամ՝ ո՞րը մինչև ո՞ւր կգնա: Ի վերջո, ամենակարևոր հարցը՝ արդյոք այդ չորս ուժերը կամ «հրաշալի քառյակը» (ինչպես ինքնամեծարումով անվանել են իրենք իրենց) առանձին-առանձին կամ միասին, ունե՞ն հասարակական աջակցություն: Թե՞ հույսներն այն է, որ ՈՒկրաինայում «Մայդան» եղավ, ապրիլին էլ Երևանում տաք եղանակ կլինի, ու մարդիկ ցուրտ ձմեռից հետո դուրս կգան փողոց՝ իմանալու՝ ինչ կա-չկա: Պետք չէ գցել Ազատության հրապարակի որակը: Այդ հրապարակում Հայաստանի անկախ Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման համար կարևորագույն գործընթացներ են եղել: Ցավոք, հիմա հրապարակը վերածվել է հարթակի, որտեղից մի խումբ մարդիկ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են իրենց պահանջները, անպայման քարկոծելով իշխանությանը, հետո գնում են այլ ամբիոններից շարունակելու նույնը:
-Դուք չե՞ք հավատում, որ ապրիլի 28, 29, 30-ին հայտարարված շուրջօրյա հանրահավաքներում ընդդիմությունը ժողովուրդ կհավաքի:
-Ընդդիմությունը՝ այո, բայց ոչ՝ ոչիշխանական ուժերը: Կհարցնեք՝ ո՞րն է տարբերությունը: Կանխեմ հարցը. տարբերությունը ոչ միայն քաղաքական է, այլև մենթալիտետային, հոգեբանական ու բարոյական: Եթե դու դեմ ես իշխանությանը, դու ընդդիմություն ես, եթե դու ոչիշխանություն ես, ուրեմն դու ընդամենն ուզում ես իշխանություն դառնալ և այդքանով հարցը համարել լուծված: Ո՞րն է այստեղ ՀՀ շարքային քաղաքացու շահը, որ Երևանից, թե մարզերից պիտի հավաքվի շուրջօրյա հանրահավաքի, նորից իրենով լցնի այն տարածքը ու այն պահը, որը պիտի լիներ ընդդիմությանը, բայց ընդդիմությունը չկա: Կրկնում եմ՝ ոչ թե խոսքային մակարդակում, ոչ թե խորհրդարանական երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին, այլ գործնականում: Երկրի համար կարևորագույն արտաքին ու ներքին քաղաքական հարցերում: Ի՞նչ է մինչև հիմա ասել ոչիշխանությունը՝ ինչո՞ւ է սա այսպես, ինչո՞ւ է նա այնպես, ինչո՞ւ սա վաճառեցիք Ռուսաստանին, ինչո՞ւ նա վաճառեցիք ԱՄՆ-ին, ինչո՞ւ չեք մանևրում (իմա՝ խաբում գործընկերներին) արտաքին քաղաքականության մեջ: Եթե ապրիլի 28, 29, 30-ին էլ դա պիտի կրկնվի, ապա ես իրոք համարում եմ, որ Ազատության հրապարակում, ինչպես Դուք եք ասում, ժողովուրդ չի հավաքվի: Ես նկատի ունեմ այն կրիտիկական զանգվածը, որ ի զորու է իշխանափոխության հարց դնել: Մի քանի հազար կհավաքվի, հետո, ինչպես միշտ, կներկայացնեն որպես տասնյակ հազարներ:
-Այսինքն՝ ՀՀԿ-ն մեկ ամիս ու հետո էլ հանգիստ քնելու է գիշերները, իսկ ցերեկները շարունակելու է նույն քաղաքականությո՞ւնը:
-Ես չգիտեմ՝ նույն քաղաքականություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: ՀՀԿ-ն ստանձնել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կոալիցիոն համաձայնագրով ու կատարում է իր գործը: Սա՝ իրավականորեն: Եթե այդքան ուզում եք, որ ՀՀԿ-ն գիշերները արթուն լուսացնի, ցերեկներն էլ անցկացնի ողբուկոծով, պիտի հիասթափեցնեմ. բա աշխատանքն ո՞վ անի: Չեք կարող չընդունել, որ հակառակ մոտալուտ կործանման ու համընդհանուր աղետի բոլոր «կանխատեսումների» ու «մարգարեությունների», Հայաստանի Հանրապետությունը աշխարհից չի վերացել, կա, վարում է հավասարակշիռ, պատճառաբանված, հիմնավորված արտաքին ու ներքին քաղաքականություն: Ցավում եմ, որ հաջողությունները մեծ չեն, բայց հետխորհրդային տարածքի ո՞ր երկիրն է թռիչքային զարգացում ապրել: Արդեն չեմ ուզում հիշեցնել Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական դիրքը, այդ երկու դիրքերի պատճառով առաջացած վիճակը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այլընտրանքային «Երկրապահի» ստեղծման ԲՀԿ-ի նախաձեռնությանը:
-Դա բնորոշ քայլ է ԲՀԿ-ի համար: Եթե նկատել եք՝ գաղափարական ու քաղաքական հարթության մեջ չունեցածը փորձում են փոխհատուցել ֆինանսական միջոցներով: Ի սկզբանե «Երկրապահի» հետ ամենասերտ հարաբերություններն ունենալով՝ ասեմ միանգամից ու միանգամայն համոզված՝ «Երկրապահը» չի վաճառվում: Նոր կամ այլընտրանքային «Երկրապահ» ստեղծելու ցանկությունը նման է նոր կամ այլընտրանքային հայրենիք ստեղծելուն: Պատերազմի միջով անցած մարդը հրամանատար չի փոխի: Շատ ավելի ընկալելի կլիներ, որ Գագիկ Ծառուկյանն իր բարեգործական նախաձեռնություններում ընդգրկեր սոցիալապես անապահով երկրապահներին, քան փորձեր նրանց գնել ու պահեստում պահել՝ իբրև իշխանափոխության պոտենցիալ գործիք: Գոնե ոչիշխանական դաշնակից Լևոն Տեր-Պետրոսյանի փորձը հիշեր ու ձեռնպահ մնար կանխավ ձախողված քայլերից:
-Դուք մտավախություն չունե՞ք, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը այնքան է միաձուլվում Ռուսաստանին, որ վտանգում է սուբյեկտի կարգավիճակը: Իսկ հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ նաև իր տնտեսական ու քաղաքական վիճակը:
-Միաձուլում ասելով նկատի ունեք անդամակցությո՞ւնը Մաքսային միությանը, իսկ եթե ասոցացման համաձայնագիրը ստորագրվեր, հիմա հարցնելու էիք, թե Հայաստանը միաձուլվում է Եվրամիությա՞նը: Որտեղի՞ց են այս կասկածներն ու մտավախությունները: Աշխարհում որևէ պետություն չկա, որ վարի բացարձակապես անկախ քաղաքականություն: Բոլոր պետություններն էլ ունեն դաշնակցային պարտավորություններ, կնքում են համաձայնագրեր ու պայմանագրեր, որ ավելի ապահով ու կայուն դարձնեն իրենց դիրքն աշխարհում, ավելի շահավետ իրականացնեն առևտրատնտեսական կապերը, ավելի անվտանգ դարձնեն աշխարհը: Հայաստանը, նախընտրելով անդամակցել Մաքսային միությանը, միանգամից մի քանի խնդիրներ է լուծել՝ երկարաժամկետ հեռանկարով: Եթե կարծում եք, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանն աշխարհում ունեցած քաղաքական ու տնտեսական դիրքերը կորցնելու է, շատ եք շտապում: Իհարկե, հայտարարված պատժամիջոցները հարուցելու են ժամանակավոր դժվարություններ: Բայց ժամանակակից աշխարհի տնտեսական ինտեգրումն այնքան է առաջ գնացել, որ միակողմանի վնաս կամ օգուտ որևէ պետության համար գոյություն չունի: Ինչ-որ գործընթացներ կդանդաղեն, ինչ-որ գործընթացներ կարագանան: Վստահ եղեք, որ Հայաստանը այս իրավիճակում չի փոխելու իր հայտարարած քաղաքականությունը, ավելին՝ մենք կարող ենք, օգտագործելով Արևմուտքի հետ մեր նորմալ հարաբերություններն ու ձևավորված կապերը, օգտակար լինել ստեղծված իրավիճակի լիցքաթափմանը: Քաղաքականությունը գործընթաց է, որի հաջողությունն ու անհաջողությունը մեկ օրով կամ մեկ իրադարձությամբ չեն պայմանավորվում: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է եվրաինտեգրման քաղաքականությունը և համատեղելու է երկու վեկտորներն էլ, որովհետև այդպես են պահանջում մեր պետական շահերը:
-Իսկ քաղաքական խանդ չի՞ հարուցի մեր «բազմակողմանիությունը»:
-Խանդը քաղաքական կատեգորիա չէ: Ես չեմ կարծում, որ տեղին է վիճարկել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը կամ ազգային անվտանգության ապահովումը: Ի վերջո, ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը պատերազմական դրության մեջ չեն, որ Հայաստանը, ելնելով իր դաշնակցային պարտավորություններից, ձեռնպահ մնա այս կամ այն կողմի հետ հարաբերությունների ծավալումից ու խորացումից:
-Բայց բացահայտ էր, չէ՞, որ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությունը վատ ընդունվեց:
-Ի՞նչ է նշանակում «վատ ընդունվեց»: Ո՞Ւմ կողմից: Լավ ընդունվելու համար Հայաստանը պետք է դեմ լինի ազգերի ինքնորոշման իրավունքին, հետո պահանջի, որ ընդունվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավո՞ւնքը: Ես համաձայն չեմ «վատի» ու «լավի» նման բաժանմանը: Քաղաքականությունը նաև կոնկրետ գործ է, որ պահանջում է հստակ քայլեր:
-Ապրիլի 30-ին կառավարությունը հրաժարական կտա՞:
-Կառավարության հրաժարականի համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժամկետ կա՝ հերթական խորհրդարանական ընտրություններից հետո: Արտահերթ ու արտակարգ իրադարձությունները չեն բխում Հայաստանի շահից, ոչ էլ նախադրյալներ կան:
-Արտաքին գործոնի ազդեցությունը բացառո՞ւմ եք:
-Եթե նկատի ունեք Արևմուտքը, ապա այդ գործոնը պիտի դրսևորվեր անցյալ սեպտեմբերին, բայց չդրսևորվեց, ուրեմն չկա նախադրյալ: Եթե նկատի ունեք Ռուսաստանը, առավել ևս իշխանափոխության նախադրյալ գոյություն չունի: Այնպես որ, որքան էլ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մեկամսյակներ ու շուրջօրյակներ հայտարարեն, երկիրն այս վիճակից դուրս է բերելու քաղաքական մեծամասնությունը, որ, ուզում են, թե չեն ուզում, ռեալ իշխանություն է, ռեալ, վստահություն ունի ներսում էլ, դրսում էլ և, ի տարբերություն «հրաշագործ» քառյակի՝ նաև ռեալ ու հստակ պատասխաններ ունի հարցերին: Չեմ բացառում, որ ապրիլի 30-ի ժամկետը տարբեր պատճառաբանություններով հետաձգվի, որ նույնն է՝ բեկանվի: Նույնիսկ ոչիշխանություն լինելիս պետք է հասկանաս, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, իսկ քաղաքականության արհեստավորների հետ անիմաստ է ասպարեզ դուրս գալ:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ.- Հարցազրույցը կայացել է ապրիլի 2-ին, երբ երկրի վարչապետը հրաժարական չէր տվել, և Հայաստանի քաղաքական կյանքն էլ խաղաղ էր, ինչպես ամառային անամպ երկինք:

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ